Նապոլեոն Բոնապարտը ծնվել է կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784 թ-ին ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–85 թթ-ին սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունն սկսել է 1785 թ-ին, Վալանսում` որպես հրետանային գնդի կրտսեր լեյտենանտ: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1793 թ-ին խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում:
1795 թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետական խռովության ջախջախումից հետո նշանակվել է Փարիզի կայազորի պետ, ապա՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար՝ իտալական արշավանքի ժամանակ: 1798– 1801 թթ-ի Բոնապարտի գլխավորած եգիպտական արշավանքն ավարտվել է անհաջողությամբ: Օգտվելով Դիրեկտորիայի (Առաջին հանրապետության կառավարությունը 1795–99 թթ-ին) թուլությունից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թ-ի նոյեմբերի 9-ին (հանրապետության օրացույցով՝ Բրյումերի 18-ին) պետական հեղաշրջում է արել. հաստատել է կոնսուլության վարչակարգ և իր ձեռքում կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը: 1802 թ-ին Նապոլեոնը նշանակվել է ցկյանս կոնսուլ, իսկ 1804 թ-ին թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով:
Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել. 1800 թ-ին հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր (կոդեքսներ):
Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին:
Մարենգոյի (1800 թ.), Աուստեռլիցի (1805 թ., ռուս-ավստրիական բանակների դեմ), Ենայի (1806 թ.), Վագրամի (1809 թ.) և այլ ճակատամարտերում հաղթելուց հետո դարձել է գրեթե ողջ Եվրոպայի տիրակալ (բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի): Կայսրը որոշել էր ներխուժել նաև Անգլիա: Սակայն 1805 թ-ի հոկտեմբերի 21-ին անգլիացի նշանավոր ծովակալ Նելսոնը Տրաֆալգար հրվանդանի մոտ դաժան պարտության է մատնել ֆրանս-իսպանական նավատորմին:
Նվաճելով Լեհաստանը՝ Նապոլեոն I-ը հասել է Ռուսաստանի սահմանները: Ռուսաց Ալեքսանդր I կայսեր հետ Տիլզիտ փոքրիկ քաղաքի մոտ 1807 թ-ի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի դեմ. Ռուսաստանը պարտավորվել է միանալ Անգլիայի ցամաքային շրջափակմանը: Ֆրանսիան ազատ գործելու հնարավորություն է ստացել Եվրոպայի մեծ մասում, Ռուսաստանը՝ Եվրոպայի հյուսիսում և հարավ-արևելքում:
1800–11 թթ-ին Նապոլեոնի կայսրությունը հասել է հզորության գագաթնակետին:
1812 թ-ի հունիսի 12-ին, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժել է Ռուսական կայսրության տարածքը: Նապոլեոն I-ի դեմ պատերազմին մասնակցել են երկրի կադրային բանակը, եվրոպական Ռուսաստանի ողջ բնակչությունը. ռուսների համար այն դարձել է հայրենական պատերազմ: Օգոստոսի 8-ին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը: 1812 թ-ի օգոստոսի 26-ին Բորոդինոյի (Մոսկվայից 124 կմ արևմուտք) վճռորոշ ճակատամարտում Նապոլեոն I-ին չի հաջողվել հաղթել ռուսական բանակին:
Մոսկվան թշնամուն հանձնելուց հետո Կուտուզովը, համալրելով բանակը, անցել է հակահարձակման և ֆրանսիացիներին ստիպել է նահանջել իրենց իսկ ավերած ճանապարհով: Բերեզինա գետի մոտ շրջապատել է ֆրանսիացիներին, իսկ գետանցումից (նոյեմբերի 14–16) հետո նապոլեոնյան «Մեծ բանակը» դադարել է գոյություն ունենալուց: Նոյեմբերի 23-ին Նապոլեոն I-ը հրամանատարությունը հանձնել է մարշալ Հովակիմ Մյուրատին և մեկնել Փարիզ: Ռուսական զորքերը նոյեմբերի 28-ին գրավել են Վիլնոն (այժմ՝ Վիլնյուս): Ֆրանսիական բանակն այդ պատերազմում կորցրել է 550 հզ. զինվոր:
Ֆրանսիայում Նապոլեոնն արագ կազմավորել է նոր բանակ՝ պատերազմը շարունակելու և պատվավոր հաշտություն կնքելու նպատակով: Սակայն հակաֆրանսիական ռազմաքաղաքական դաշինքի (6-րդ) ուժերը 1813 թ-ի հոկտեմբերի 16–18-ը գերմանական Լայպցիգ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած «ժողովուրդների ճակատամարտում» վերջնականապես ջախջախել են Նապոլեոնի բանակը: 1914 թ-ի մարտի 31-ին դաշնակիցների զորքերը Ալեքսանդր I-ի և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ III-ի գլխավորությամբ մտել են Փարիզ: Նապոլեոն I-ը հրաժարվել է գահից, բայց պահպանել է իր տիտղոսներն ու կոչումները և որպես տիրույթ ստացել Էլբա կղզին (Միջերկրական ծովում):
Ֆրանսիայում, ի դեմս Լուի XVIII-ի, վերականգնվել է 1792 թ-ին տապալված Բուրբոնների արքայատոհմը, որը համընդհանուր դժգոհություն է առաջացրել երկրում: 1815 թ-ի գարնանը Նապոլեոն I-ը փոքրաթիվ զորաջոկատով մտել է Ֆրանսիա, անհավանական արագությամբ աճող զորքով գրավել Փարիզը և վերականգնել կայսրությունը: Սակայն գահակալել է ընդամենը 100 օր: Դաշնակիցները Վաթեռլոոյի (բնակավայր Բրյուսելից 20 կմ հարավ) ճակատամարտում 1815 թ-ի հունիսի 10-ին ջախջախել են ֆրանսիացիներին: 1815 թ-ի հունիսի 22-ին Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և վախճանվել է: 1840 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը: