Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում:
1899 թ. Բշարե Խալիլի կողմից Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Անդրանիկ Օզանյանն ընտրվում է երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ: Անդրանիկի առաջին գործը եղավ Բշարե Խալիլի ահաբեկումն ու սպանությունը, որով նա փառքի ու անվան արժանացավ ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:
Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում և կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:
Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից Անդրանիկը նետվեց Կովկասյան ճակատ: Նա գլխավորեց հայկական առաջին կամավորական ջոկատը: Աչքի ընկավ Բիթլիսի, Մուշի, Վանի մատույցներում: Բայց այս պատերազմում Անդրանիկին հռչակ բերեց հատկապես Դիլմանի ճակատամարտը. 1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի ջոկատի քաջության և հրամանատարի հմտության շնորհիվ: Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:
Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:
Աղբյուր՝ Ankakh.com