Նուկլեինաթթուները պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նրանց մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։