Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Էրեբունի-Երևանը 2795 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ: Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:
…1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:
ՓԱՍՏԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ
Երևանը շատ հին քաղաք է, այն կառուցել է ուրարտական Արգիշտի Ա արքան մ.թ.ա. 782 թվականին:
Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից:
քաղաքի բնակչությունը կազմում է 1.1 միլիոն մարդ, ընդ որում քաղաքի 99% Հայեր են
Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների հարյուրյակում
Հայաստանի ջուրն այնքան մաքուր է, որ կարելի է խմել ծորակից
Հայաստանի մայրաքաղաքն ունի տարվա մեջ միջինը 300 արևոտ օր, այստեղից էլ` «արևոտ Երևան» անվանումը: