Design a site like this with WordPress.com
Get started

Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. և այսօր

Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ կարելվույն, առաջնորդվել բարի դրացիության սկզբունքով և ծագած վեճերն ու հակամարտությունները կարգավորել քաղաքական բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև կային ազգային, տարածքայինսահմանային լուրջ վեճեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ առկա էր պետական մակարդակով արևմտահայերին ցեղասպանելու և նրանց հայրենազրկելու իրողությունը: Դրա համար էլ Հայաստանը Թուրքիայի հետ, ըստ էության, պաշտոնական-դիվանագիտական հարաբերություներ չի վարել, իհարկե, եղել են դիվանագիտական նոտաների փոխանակումներ, միջնորդավորված կապեր: Ներկայումս, հարյուր տարի հետո էլ, Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը և Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։

Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո այնքան էլ դյուրին չընթացան հայ-վրացական հարաբերությունները: Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը հավակնություններ ուներ պատմական և էթնիկ առումներով բնիկ հայկական Ախալքալաքի և Լոռի-Փամբակի տարածքների նկատմամբ:

Հայտնի է, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել ավելի քան երկհազարամյա բարեկամություն: Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ: Սակայն 1918-ին՝ Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո, տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը, ինչպես արդեն ասվեց, դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված մեխանիկական բաժանումն էր: Հայկական երկու գավառներ` Լոռին ու Ախալքալաքը, մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ:

Հայ-վրացական հարաբերությունները առավել սրվեցին առաջին աշխարհամարտի ավարտական փուլում: Բանն այն էր, որ 1918 թ. ամռանը թուրքերի՝ Անդրկովկաս ներխուժման հետևանքով վրաց-գերմանական զորամասերը գրավել էին Բորչալուի գավառի հայկական Լոռու գավառամասը` իբրև ժամանակավոր և միայն պաշտպանական նպատակով, որպեսզի կանխեն թուրքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Սակայն երբ թուրքերը պարտվեցին ու հեռացան Անդրկովկասից ու Հայաստանից, վրաց կառավարությունը շարունակեց գրավված պահել Լոռու շրջանը: Ավելին, դեռ մինչ թուրքերի հեռացումը վրաց իշխանությունները հայ բնակչության վրա տուրքերն էին դրել, գործադրում էին բռնություններ, անցկացնում զորահավաք և այլն: Դրանով փորձ էր արվում հայկական Լոռին ներկայացնել որպես վրացական տարածք:

Այդ կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը բողոք ներկայացրեց վրաց կառավարությանը: Այնուհետև դրան հետևած մի քանի փոխադարձ բողոք-նոտա-վերջնագրերից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հակամարտությունը վերաճեց հայ-վրացական կարճատև պատերազմի, մի անցանկալի երևույթ, որպիսին չէր եղել հայ-վրացական հարաբերությունների դարավոր պատմության ընթացքում: Հ. Քաջազնունու կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով, բայց ապարդյուն: Վիճակը առավել սրվել էր այն բանից հետո, երբ վրացական զորքը, օգտվելով հայկական զինուժի հապաղումից, դեկտեմբերի 5-ին գրավել էր 77 տոկոս հայ ազգաբնակչություն ունեցող Ախալքալաքի գավառը:

Հայկական զորաջոկատները՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ, մուտք են գործում Բորչալուի գավառի Լոռու գավառամաս, մաքրում են գավառամասը վրաց ուժերից և իրենց հսկողության տակ վերցնում հայկական 40-ից ավելի գյուղերի պաշտպանությունը: Ռազմական գործողությունների արդյուն¬քում հայկական զինուժը դեկտեմբերի 23-ին գրավում է Սադախլոն և պատրաստ էր արշավել նույնիսկ Թիֆլիսի վրա: Պատերազմի երկրորդ փուլում վրաց զինուժը փորձեց կասեցնել հայկական զորամասերի հետագա առաջընթացը: Ռազմական բախման ընթացքում հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը, փակվեցին ճանապարհները:

Բարեբախտաբար, պատերազմը կարճ տևեց` շուրջ երեք շաբաթ: Դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները: 1919 թ. հունվարի 17-ին կողմերի միջև կայացվեց համաձայնություն: Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի» Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները, վերաբացվեցին երկաթուղին, հաղորդակցության մյուս ուղիները, կապը: Հայաստանը ստացավ ապրանքների փոխադրման տրանզիտի (տարանցիկ առևտրի) իրավունք և այլն:

Հետագայում հայ-վրացական տարածքային կնճիռը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921 թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռու մեծ մասը միացվեց Հայաստանին: Կասկածից վեր է, որ եթե հայ-վրացական կարճատև պատերազմում Հայաստանը տանուլ տար, ապա Լոռին ևս կարժանանար Ախալքալաքի ճակատագրին: Ինչ վերաբերում է ներկայիս ժամանակին, Հայաստանն ու Վրաստանը բարեկամներ են, ունեն դրական քաղաքական և տնտեսական կապեր, մշակույթային հարաբերություններ։

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ: Առանձնապես սուր ու շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը: Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ: Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920 թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը:
Հայտնի է, որ 1918 թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ: Անգլիական զորքերի հրամանատարության գիտությամբ ու համաձայնությամբ 1919 թ. հունվարի կեսերին Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց հայտնի հայատյաց, ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը: Արցախ-Սյունիքի ավելի քան 300 հազար հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և զենքը ձեռքին` պայքարի ելավ ազատության, իր ազգային տարածքային իրավունքների պաշտպանության և մայր հայրենիքին միանալու համար: ՀՀ կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը: Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին: Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին: Այսօրվա օրերին Ադրբեջանը Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունի և միայն վերջերս տեղի ունեցավ պատերազմ Արցախի համար։

Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ Կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել նրա հետ։ Այսօր ևս նույն իրավիճակն է և Հայաստանը Իրանի հետ ունի առևտրական և դիվանագիտական կապեր։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: