Մուսա լեռան հերոսամարտը տեղի է ունեցել Մուսա լեռան շրջակայքում։Այնտեղ գտնվող հայկական գյուղերի բնակիչները 53-օր ինքնապաշտպանվել են թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը: Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս։
Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ: Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9.000-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցին 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, և, ի վերջո, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով՝ սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15.000 զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա պատկերված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը, տեսնելով իրավիճակի ողջ լրջությունը, մուսալեռցիներից պահանջում է անձնատուր լինել, իսկ չենթարկվելու դեպքում սպառնում է անցնել հարձակման և ոչ մեկին չխնայել: Այդ ճակատագրական իրավիճակում մուսալեռցիները ընտրում են թերևս միակ ճիշտ մարտավարությունը. իրենց բարձրադիր դիրքերից նրանք անցնում են անսպասելի և սրընթաց հակահարձակման ու ջախջախիչ հարված հասցնում ավելի ցածրում գտնվող թուրքական առաջապահ դիրքերին, որից հետո թուրքական զինվորները, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջում են: Սեպտեմբերի 10-ին Մուսա լեռան ծովափին է մոտենում «Ժաննա դ՛Արկ» ֆրանսիական զրահապատ հածանավը՝ մեկ այլ ռազմանավի ուղեկցությամբ: Հայկական ինքնապաշտպանության ջոկատների ղեկավարությանը տեղեկացվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սայիդ: Սեպտեմբերի 12-ին Մուսա լեռան բոլոր պաշտպանները իջնում են դիրքերից դեպի ծովափ: Հաջորդ երեք օրերի ընթացքում հերոս մուսալեռցիներին՝ շուրջ չորս հազար մարդ, ֆրանսիական և անգլիական ռազմանավերի էսկադրան փոխադրում է Պորտ Սայիդ: Մուսալեռցիներն իրենց հետ են տանում նաև ազատամարտի կարմիր խաչով Փրկիչ դրոշը, որն այժմ որպես սրբազան մասունք պահվում է Այնճարի (Լիբանան) ազգագրական թանգարանում: