Design a site like this with WordPress.com
Get started

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

«Հայաստան–ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ» ծրագիրը հանդիսանում է ՄԱԿ-ի հետ համագործակցության ուղղությունների հիմնական փաստաթուղթը, որը ստորագրվել է 2015թ.՝ 2016-2020 թվականների համար: ՄԱԿ-ի զարգացման համակարգի բարեփոխումներին զուգահեռ ներկայումս լրամշակվում են նաև զարգացման աջակցության շրջանակի ուղենիշները , որից հետո հնարավոր կլինի իրականացնել ՀՀ-ՄԱԿ 2016-2020թթ. զարգացման աջակցության շրջանակի միջնաժամկետ վերանայումը:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

Հայաստանում ակտիվորեն մեկնարկեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման հետ կապված գործընթացները: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվեց ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսի 17-ին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: