Շիկացման լամպը կազմված է դժվարահալ մետաղից թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3300 K։ Առաջինը պատրաստել է Ա․ Լոդիգինը 1872թ․, կատարելագործել է Թ․ Էդիսոնը 1879 թվականին։ Շիկացման լամպը մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր հզորության լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումային լամպ), մյուս լամպերը լցնում են իներտ գազով (երբեմն ավելացնելով հալոգեններ)՝ շիկացող մարմնի ջերմաստիճանի բարձրացման, այսինքն՝ լուսատացքի (լուսատվության) մեծացման համար։ Շիկացման լամպերը դասակարգում են ըստ կիրառության բնագավառի (ընդհանուր լուսավորության լամպ, ցոլալապտեր և այլն), հիմնական կառուցվածքային ձևի և անոթի լուսատեխնիկական հատկությունների (հայելային, ձևավոր, ցրող մակերևույթով լամպեր և այլն), շիկացող մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույրով լամպեր և այլն)։ Շիկացման լամպերը տարբերվում են նաև ըստ չափերի։ Պատրաստվում են տասնորդական Վ-ից մինչև հարյուրավոր Վ լարումների համար և կարող են ունենալ մինչև մի քանի տասնյակ կՎտ հզորություն։ Շիկացման լամպի ծառայության ժամկետը 5 ժ-ից մինչև 1000 և ավելի ժ է, իսկ լուսատացքը, որ կախված է կառուցվածքից, լարումից, հզորությունից և աշխատանքի տևողությունից, կազմում է 10—35 լմ/Վտ։ Ըստ լուսատացքի շիկացման լամպերը զիջում են լույսի գազապարպման աղբյուրներին, սակայն ավելի հարմար են շահագործման տեսակետից և գործնականում չունեն լարման և հզորության սահմանափակում։