Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս):
Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է: Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:
Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:
Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:
Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:
Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:
ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով: