Design a site like this with WordPress.com
Get started

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։

Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: 

Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:

Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: 

Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:

Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:

Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:

Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  

Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: 

Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):

Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:

Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:

Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: