Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:
Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
Բոլոր հալոգեններն ուժեղ օքսիդիչներ են: Առավել վառ արտահայտված օքսիդացնող հատկությամբ օժտված է ֆտորը:
Ատոմային համարի և ատոմի շառավղի մեծացման հետ հալոգենների օքսիդացնող հատկությունը փոքրանում է:
Յուրաքանչյուր հալոգեն իր պարբերությունում ամենաուժեղ օքսիդացնողն է, որը հստակ դրսևորվում է մետաղների և հալոգենների փոխազդեցության ժամանակ: Այսպես, ֆտորը սովորական պայմաններում փոխազդում է մետաղների մեծ մասի, իսկ տաքացման պայմաններում` նույնիսկ ազնիվ մետաղների` արծաթի, ոսկու, պլատինի հետ: