Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմ․ կայսրություն, ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին։ Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո, 261-ին Շապուհ I գրավել է Մեծ Հայքը, յուրացրել «Հայոց Մեծաց արքա» տիտղոսը և երկրի կառավարումը հանձնել իր որդիներին։ Խոսրով Ա Մեծի մանկահասակ որդի Տրդատը, հարկադրաբար ապաստանելով Հռոմում, 270-ական թթ․ ծառայության է մտել կայսրական բանակում, պարսից դեմ մարտերում հռչակվել անձնական քաջություններով, արժանացել Դիոկղետիանոս կայսրի համակրանքին ու հովանավորությանը։ Վերջինիս աջակցությամբ պարսկական զավթիչներից ազատագրվել է Մեծ Հայքը, և հայրենի գահին է հաստատվել Տրդատ Գ Մեծը։ Նա գահակալման սկզբնական տարիներին հակահարված է հասցրել Մեծ Հայքի հողերն ասպատակած ալաններին, ապա հաջողությամբ պայքարել Սասանյանների նոր ոտնձգությունների դեմ։ Հայ-հռոմ․ զորքերից վերստին պարտություն կրած Սասանյանները 298-ին Մծբինում կնքած 40-ամյա հաշտության պայմանագրով ճանաչել են Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ Գ Մեծի արքայապատիվ իրավունքները։ Մծբինի պայմանագրով և հայ-հռոմ․ դաշինքով կաշկանդված Պարսկաստանը խրախուսել է որոշ հայ նախարարությունների կենտրոնախույս հակումները և Մեծ Հայքի դեմ կովկասյան ցեղերի հրոսակային հարձակումները։ Հայոց արքա Խոսրով Բ Կոտակը (330-338) հարկադրված ճնշել է ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարար․ տոհմերին, վերամիավորել Շապուհ II-ի (309-379) սադրանքով ինքնագլուխ դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցրել Մազքթաց Արշակունի Սանեսան-Սանատրուկի ոտնձգություններին։ Խոշոր ավատառուների անջատական ձգտումները կանխելու նպատակով՝ Խոսրով Բ սահմանել է հազար և ավելի զինվոր ունեցող նախարարներին մայրաքաղաքում Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո բնակվելու օրենք։ Կարճատև խաղաղության տարիներին Խոսրով Բ ծավալել է շին․ աշխատանքներ, հիմնել Դվին մայրաքաղաքը, տնկել «Տաճար մայրի» և «Խոսրովակերտ» արգելանոց-անտառները։ Խաղաղությունը խաթարվել է 337-ին պարսկ․ զորքերի՝ Մծբին և Վասպուրական ներխուժումներով։ Սակայն Վանա լճի հս-արլ․ ափին, Առեստ ավանի մոտ ճակատամարտում հայկ․ 30 հզ-անոց զորաբանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Նույն թվականին կանխվել է նաև պարսիկների երկրորդ հարձակումը։
Խոսրով Բ Կոտակի մահից հետո Տիրանը (339_350) շարունակել է իշխանության կենտրոնացման քաղաքականությունը․ սանձել է անջատամետ նախարարներին, սահմանափակել ուռճացած եկեղեցու կալվածքները, տապալել ընդդիմացող Հուսիկ Ա Պարթևին և կաթողիկոս․ աթոռին կարգել Աղբիանոսյան տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատցուն։ 350-ին Շապուհ II մեծ բանակով ներխուժել է Մեծ Հայք, դավադրաբար գերեվարել Տիրան արքային ու նրա ընտանիքը։ Սակայն նույն թվականին հայ-հռոմ․ միացյալ զորքերը Բասեն գավառում գլխովին ջախջախել են պարսկական ուժերին, Շապուհ II-ին հարկադրել կնքել հաշտության պայմանագիր և գերությունից ազատել Հայոց արքային։ Տիրանի կուրացման և գահաժառանգ Արտաշեսի՝ բանտում սպանվելու պատճառով Մեծ Հայքի թագավոր է հռչակվել կրտսեր արքայազն Արշակ Բ (350_368)։ Գահակալման սկզբ․ տարիներին Արշակ Բ աշխարհիկ և հոգևոր ավատառուների նկատմամբ վարել է զիջող․ քաղաքականություն։ Նա հաշտվել է Գիրգոր Լուսավորչի տոհմի հետ և կաթողիկոս․ աթոռին հաստատել Ներսես Ա Մեծին, որի համագործակցությամբ իրագործել է մի շարք բարեփոխումներ, չափավորել հարկերը, կարգավորել ամուսնաընտանեկան հարաբերությունները, հիմնել նոր դպրոցներ ու խնամատար հիմնարկներ։