Աշոտ Առաջինը Բագրատունիների թագավորության հիմնադիրն է, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։
855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. խալիֆայություն ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում։ 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։
869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։