Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է:
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները: Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։
Հեռատեսության ժամանակ պատկերներնն ստացվում են աղոտ։ Պատճառները աչքի բեկող միջավայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակցիոն հեռատեսություն) կամ աչքի առաջ-ետին առանցքի կարճ լինելը (առանցքային հեռատեսություն)։ Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմբինացիոն հեռատեսություն)։ Հեռատեսությունը հանդիպում է մեծ մասամբ նորածինների մոտ, հետագայում, երեխայի աճմանը զուգընթաց, աչքի խնձորակը որոշ չափով մեծանում է և, որպես կանոն, հեռատեսությունը վերանում։ Հեռատես աչքը, որը վատ է հարմարված ցանցաթաղանթի վրա զուգահեռ ճառագայթների միացման համար, առավել վատ է հավաքում մոտակա առարկաներից եկող ճառագայթները, հետևաբար վատ է տեսնում թե՝ հեռուն, թե՝ մոտիկը, և իրականում «հեռատեսություն» տերմինն այնքան էլ ճիշտ չէ։ Հեռատեսության թույլ արտահայտվածության դեպքում երիտասարդները մշտապես լարելով թարթիչային մկանները, մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ ուժեղանում է նրա բեկող հատկությունը և նպաստում հստակ տեսողությանը։ Տարեց և ծեր մարդկանց մոտ այդ հատկությունը թուլանում է և զարգանում, այսպես կոչված, ծերունական հեռատեսություն (պրեսբիոպիա), որի դեպքում մարդը դիտվող առարկան (գիրք, թերթ են) ձգտում է հեռացնել աչքից։ Հեռատեսության ժամանակ կարող են առաջանալ գլխացավեր, մանկական տարիքում՝ զուգամետ շլություն։ Տեսողությունը շտկվում է ուռուցիկ ապակիներով (կոնվեքսներով)։ Ընտրվում են այնպիսի ապակիներ, որոնք ուժեղացնում են աչքի բեկող ուժը, ճառագայթների կիզակետը փոխադրում ցանցաթաղանթի վրա և ապահովում առավել հստակ տեսողություն։