Ալյումին

Ալյումին (Al), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։

Ալյումինի ֆիզիկական հատկությունները՝

•             Ալյումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է

•             Խտությունը՝ 2,7 գ/սմ3

•             Տեխնիկական ալյումինի հալման ջերմաստիճանը՝ 658 °C, իսկ մաքուր ալյումինինը՝ 660 °C

•             Եռման ջերմաստիճան՝ 2500 °C

•             Կարծրությունը ըստ Բրինելլի՝ 24…32 կգ սմ/մմ²

•             Բարձր պլաստիկությունն՝ 50 %

•             Յունգի մոդուլը՝ 70 գՊա

•             Ալյումինն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ (37•106 սմ/մ) և ջերմահաղորդականությամբ (203,5 Վտ/(մ•Կ)

•             Ջերմաստիճանը գործակիցը՝ 24,58•10−6 К−1 (20…200 °C)

•             Տեսակարար դիմադրությունը՝ 0,0262..0,0295 օհմ•մմ²/մ

•             Էլեկտրական դիմադրության ջերմաստիճանը գործակիցը՝ 4,3•10−3K−1։

Ալյումինը գրեթե բոլոր մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Առավել հայտնի համաձուլվածքներն են պղնձի (դյուրալյումին) և սիլիցիումի համաձուլվածքները։

Ալյումինը հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն և ձգվողականություն։ Կարելի է գլանել, լար ձգել, ինչպես նաև մամլել ու դրոշմել՝ իրին տալով ցանկացած ձև։

Թունավոր հատկության բացակայությունը թույլ է տալիս ալյումինը լայնորեն օգտագործելու խոհանոցային սպասքի, սննդի և գարեջրի արտադրական սարքավորումների պատրաստման, ինչպես նաև՝ սննդանյութերի և դեղանյութերի փաթեթավորման համար։

Նար-Դոս

Նար-Դոսը գրական անուն է, առաջացել է գծիկով երկու մասի բաժանված նարդոս ծաղկի անունից։ Գրողի իսկական անուն-ազգանունը Միքայել Տեր-Հովհաննիսյան է։ Նա ծնվել է 1867 թ. մարտի 1-ին Թիֆլիսում և ամբողջ կյանքում ապրել այդ քաղաքի հայաբնակ Հավլաբար թաղամասում։ Հայրը բրդավաճառ էր, նյութական զրկանքը անպակաս էր ընտանիքից։ Նրա ուսումը կարճ է տևել. սովորել է նախ Հավլաբարի ծխական, ապա քաղաքային երկդասյա դպրոցում։ Փորձել է կրթությունը շարունակել Քութաիս քաղաքի ուսուցչական սեմինարիայում, բայց նյութական միջոցների բացակայությունը թույլ չի տվել այն ավարտել։ Այդ իսկ պատճառով ընդունվում է Թիֆլիսի արհեստագործական ուսումարանը։ Բայց քանի որ մտադիր չէր փականագործ դառնալ, մեկ տարի հետո թողնում է ուսումը։ Նա չէր ծնվել հաստոցի առջև երկաթ տաշելու համար։ Գիտելիքների պակասն ապագա գրողը լրացնում է անհագուրդ ընթերցանությամբ` կարդում է հայ, ռուս, եվրոպացի հեղինակների գործերը, ուսումասիրում անտիկ շրջանի հունական գրականությունը։ Այս ընթացքում էլ ձևավորվում են գրական նախասիրությունները, ՆարԴոսը կատարում է ստեղծագործական առաջին փորձերը։ Տպագրվում է «Նոր դար» թերթում, աշխատանքի անցնում այնտեղ, իսկ 1890-ից մինչև 1906 թ. դառնում լրագրի պատասխանատու քարտուղարը։ Նրա կյանքը կապվում է մամուլի աշխարհի հետ։ Աշխատել է «Աղբյուր-Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում։ Լրագրողի ամենօրյա աշխատանքը նրա մեջ չի թուլացրել գրողի ստեղծագործական ջիղը։ Գրական առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ և թատերագիր։ Սակայն նրա տարերքն արձակն էր, ինչին էլ նվիրվում է մինչև վերջ։ Քսան տարեկան էր, երբ գրում է «Քնքուշ լարեր» վեպը, հաջորդում է «Զազունյան» վեպը։ Իր ստեղծագործական ծրագրերի մասին նա հետագայում այսպես է արտահայտվում. «Իմ գրվածքներում ես ուզեցել եմ պատկերել առհասարակ մեծ քաղաքի խուլ թաղերում իրենց ողորմելի կյանքը քարշ տվող, խեղճ, աղքատ դասակարգի չարքաշ կյանքը, այդ դասակարգի մեջ տիրող թանձր խավարը, նախապաշարումերը… այնուհետև նույն քաղաքի մեշչանական և մանրբուրժուական ընտանիքի կյանքը, մեր հասարակական հոսանքների բախումերը, մեր ինտելիգենցիայի զանազան ներկայացուցիչների տիպերը»։ Այս ծրագիրը նա իրականացրեց ամբողջությամբ` միջավայր ունենալով իրեն շատ լավ ծանոթ Թիֆլիսի քաղաքային կյանքը։ Արհեստավորության 124 կյանքին են նվիրված «Մեր թաղը» պատմվածաշարի գործերը։ Իսկ մտավորականության կյանքը նա պատկերել է «Սպանված աղավին» վիպակում, «Պայքար», «Մահը» վեպերում, մի քանի պատմվածքներում։ Նար-Դոսի ստեղծագործությանը շատ բնորոշ է հոգեբանական և զգացմունքային խորությունը։ Մյուս գործերի հետ դա առկա է նաև «Աննա Սարոյան» վիպակում՝ գրված նամակագրության ձևով։ Հիշատակարանի ձևով է գրված նրա «Ես և նա» նորավեպը, ինչի մեջ նրբորեն բացահայտվում են մարդկային երկու տարբեր բնավորություններ և ճակատագրեր։

Առաջադրանքներ հայոց լեզվից

Առաջադրանքներ

1․ Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրի՛ր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1. ջնարակները, 2. նկանակները):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. տեղային, 2.տեղական) անզգայացումով:

2․ Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2. երեսից կախվել – թախանձել
3. արյունը ջուր դառնալ – սահմռկել
4. աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — զղջալ

3․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ

4 Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.

արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի

պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի

 5․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

6․Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.

վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար

համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական

պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի

պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք

7․ Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:

Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:

Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:

8․ Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

Արյունը գլխին խփել– զայրանալ

Լեզուն բռնվել- կաշկանդվել

Քարը փեշից թափել- հանգստանալ

Զենքերը վայր դնել- հանձնվել

9․ Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը

Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում

Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը

Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Հայդուկներ

Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղերում անասնագոմի կամ մարագի մութ անկյունը։ Գիշերը հայդուկի սեփականությունն էր, գիշերը հայդուկն էր դրության տերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, ապավինելով մթությանը։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չէր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը բռնադատողների դեմ էր։ Նրա օրերն անցնում էին ձյան ու բքի մեջ, անձրևի ու կարկուտի տակ։ Պետք էր միշտ աչալուրջ լինել, որ եթե թշնամի հանդիպեր, նրա առաջինը հայդուկը կրակեր ու խուճապի մատներ։ Յուրաքանչյուր հայդուկ պետք է կարողանար կռվել ու հաղթել 10-20 թշնամու։ Եթե ռազմական գործողությունների կարիք չկար, հայդուկների մի մասին թույլատրում էին գնալ իրենց գյուղերը, կազմակերպել պաշտպանական ջոկատներ։

Հայկական հարցը բեռլինի վերհաժողովում

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Սելեկցիա

Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր տեսակների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։

Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։

Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստական ընտրությունը կրեց զանգվախային գիտակցական բնույթ, և ձևավորվեց ժողովրդական սելեկցիա, ստեղծվեց այժմյան գյուղատնտեսական բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները, կազմակերպվեց տոհմային անասնաբուծությունը։

Անկեղծ լինելու սովորույթը

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով, կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց․նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ… Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը:

Ավարտեք պատմությունը:

 -Ամեն անգամ, երբ դու նայում էիր անցորդի աչքերին և ասում էիր որ դու վախկոտ ես, վախը լքում էր քեզ:

Ուղղագրության ստուգում

Ամբարտավան, բմբուլ, հիպնոս, մզկիթ, վզկապ, բախտ, խորշակ, ընդդեմ, տարրական, փնտրտուք, արևայրուգ, թնդյուն, կիսատ-պռատ, հեռու-մոտիկ, տասը-տասնհինգ, առկա, առ այսոր, ընդառաջ, ինքնըստինքյան, ի ծնե, իզուր, ի ցույց, ընդօրինակել, Սայաթ-Նովա, քեֆ-ուրախություն, առօրյա, սարեր-ձորեր, ներկա-բացակա, գիրք-տետր, տնետուն, տեր-Թադևոս, հարավ-արևելյան, մեկնումեկի:

Թուրքմենչայի պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Թուրքմենչայի գյուղում, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:  Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը:

Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին: Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում: Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։

Պայմանագրերը գնահատվում է դրական, քանի որ յուրաքանչյուր քայլ ի օգուտ է ժողովրդին:

Design a site like this with WordPress.com
Get started