
Վանգոգյան նկարներից ևս մեկ գիշերային պատկեր «Caféterras bij nacht» «Սրճարանի գիշերային պատշգամբ»: Նկարիչը եղբորը գրում է. «Գիշերն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը»: Այս կտավը ստեղծելիս՝ նա ոչ մի գրամ սև ներկ չի օգտագործել: Եվ առհասարակ Առլում արված նկարներին բնորոշ է դեղինի գերակայությունը: «Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույն գույնով: Փողոցի հեռավոր հատվածի շինությունները եռանկյունաձև վերնամասերն աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա», – գրում է նա քրոջը: