Աշոտ Գ Ողորմածը Հայոց թագավորն էր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ.–ին հիմնել է Սանահինի, իսկ 976 թ.–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։