Սելեկցիան գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր տեսակների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։
Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։
Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։
Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստական ընտրությունը կրեց զանգվախային գիտակցական բնույթ, և ձևավորվեց ժողովրդական սելեկցիա, ստեղծվեց այժմյան գյուղատնտեսական բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները, կազմակերպվեց տոհմային անասնաբուծությունը։